Ես ինձ միշտ հարց եմ տալիս՝ ինչով են ընդդիմադիրները սխալ, և ինչու ՀՀ վարչապետը համաձայն չէ նրանց հետ։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր եզրափակիչ ելույթի ընթացքում:
«Այս համատեքստում այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատագամավորին, ով մեջբերեց ԱԱԾ ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որը որպես նախաբան տպագրված է, որտեղ ես ասում եմ՝ մեր անվտանգության հարցը քննելիս պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը:
Ես այս դահլիճում խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, պատմության մեր ընկալման մասին եւ այլն: Եվ այսօր էլ եմ ասում՝ մենք սերում ենք Կիլիկիայից, մենք սերում ենք հայկական բարձրավանդակից, մենք սերում ենք Վանի թագավորությունից: Խնդիրը դա չէ, կամ ավելի ճիշտ՝ խնդիրը դա է, որովհետև մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից, սրանում է հայեցակարգային մեր բանավեճը»,- ասաց նա:
«Դիպուկ հարց հնչեց՝ ի՞նչպես կարող է որևէ տեղ լինել 7-րդ տարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ լինել Ադրբեջան: Իսկ ինչպես է կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը մեր քրիստնեության ակունքը, գտնվում է մի տեղ, որից որոշակի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայեցակարգային բանավեճն այստեղ՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե ոչ։ Ես ասում եմ՝ ՀՀ կառավարությունը ընդունում է եւ սա անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է:
Ռազմավարական ընտրությունը հենց սրանում է. երբ մենք ասում ենք՝ Խոր վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստանը, եթե ասում ենք՝ Խոր վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը:
Այս նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում, որովհետև երբ դու չես համաձայնում դնել սահման քո ու մյուսի միջև, քեզ խառնում ես ուրիշին: Այն ճանապարհները որով մենք դուրս ենք ՀՀ ինքնիշխան տարածքից մեր մտքում քաղաքականապես կամ ոչ քաղաքականապես, դրանք հնարավորություն են տալիս նույն ճանապարհով ուրիշներին մտնել մեր տարածք։ Մենք պետք է դա փակենք»,- ասաց վարչապետը և հույս հայտնեց, որ ասվածը չի դիտարկվի նացիստական տրամաբանության մեջ:
Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել նաև պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը, և որ հենց այստեղ է իրական բանավեճը ծավալվում:
«Ասում եք՝ ուրանում ենք մեր արժեքները: Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ձեր նշած թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ: Ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին և ոչ միայն տառին, այլ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները»։