Search
Close this search box.

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթակիր

Վարազդատ Լալայանը նվաճեց աշխարհի գավաթակրի տիտղոսը։ Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչները:

Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտում հավաքեց 463 կգ (210+253): Նա նաեւ փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում։

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով գրավեց չորրորդ տեղը։

Երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդին Վարազդատ Լալայանից երկամարտում հետ մնաց 9 կգ: Նրա արդյունքն է 454 կգ (202+252):

Հիշեցնենք, որ 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ապրիլի 8-ին երկամարտի 401 կգ արդյունքով դարձել էր արծաթե մեդալակիր (185+216): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո էր ստացել պոկում վարժությունում եւ հրաժարվել հետագա պայքարից:

Աշխարհի գավաթի մասնակից Հայաստանի 5 ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում:

Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն էր Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Please enter a valid URL