Կարծում եմ՝ շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը:
Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում»
Դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմը շարունակական քննարկում ունի, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում և արդեն մի քանի պայմանավորվածություն կա։
«Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով»,-հավելել է ամերիկացի դիվանագետը։