Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները մեր երկրում եթերազրկվել են, որովհետև ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնել կոնսենսուսի հայ-ռուսական համաձայնագրի դրույթների խախտումների վերաբերյալ։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու են մեր երկրում արգելվել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։
«Սա ամենևին չի նշանակում, որ մենք բանակցություններում փակուղու մեջ ենք։ Եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված, քանի որ նպատակը ոչ թե իրավիճակի սրումն է, այլ առողջ բանավեճի արդյունքում աշխատող փաստաթուղթ ստանալը։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում պետք է հստակ ամրագրված լինեն այն դրույթները, որոնց խախտմանը կհետևեն համապատասխան պատժամիջոցներ։
Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հավատով է մոտենում բանակցությունների հաջողությանը, հակառակ դեպքում չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակ դիտարկել։