Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ երկխոսության, որի ընթացքում կլուծվեն երկկողմ հարաբերություններում առկա բարդ խնդիրները, ապրիլի 10-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Regnum-ը։
Նա այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, ով ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, ասել էր, որ «Հայաստանը միշտ կատարել է իր պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հանդեպ, իսկ Ռուսաստանը մի շարք դեպքերում դա չի արել»։
«Անհրաժեշտության դեպքում նման հարցեր կարող են քննարկվել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը»,-նշել է նախագահի մամուլի քարտուղարը։
«Մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կլինի, որպեսզի նախագահներն անձամբ քննարկեն նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում։
Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է՝ երկիր, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել»,- ասել է Պեսկովը։