«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում եւս բազում թեւեր ու տրամադրություններ կան, եւ ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին փուլում` բուրգը պահողը մի կողմից Փաշինյանից վախն է, մյուս կողմից` կերակրատաշտից զրկվելու վտանգը: Երբեմն ականատես ենք լինում նաեւ իշխանական պատգամավորներ-նախարարներ առճակատումներին։
Երեկ հերթական դրվագն էր՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջեւ։ Ալեքսանյանը հայտարարեց, թե դիմել է՝ բուժկենտրոնների ղեկավարների պարգեւավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց չի ստացել, չեն պատասխանել նաեւ բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։
Եվ նա մեղադրող-հանդիմանող տոնով սկսեց դաս տալ նախարարին, թե պատգամավորները բյուջե են հաստատում եւ այդ բյուջեից են բուժհիմնարկներին գումարներ տալիս։ Մասնագիտությամբ իրավաբան նախարարը «տակ չմնաց». «Պարոն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք»:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն Ավանեսյանի դեմ մի գրոհ էլ ձեռնարկել էր անկանխիկ գործարքների թեմայով։ Անցած շաբաթ էլ Անդրանիկ Քոչարյանն էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նեղել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին եւ հաշիվ էր պահանջում, թե ինչու է Մարտի 1-ի գործով քննիչ Ամբակում Գրիգորյանը ՔԿԾ պետ նշանակվել: Մինչդեռ բոլորին հասկանալի է, որ այդ պաշտոնին նշանակում է ՀՀ վարչապետը` նախարարի ներկայացմամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում