«Արմթայմս»-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը մանրամասներ է ներկայացրել արջի կողմից հոշոտված տղամարդու ողբերգական դեպքից: Ըստ համայնքապետի, դեպքը տեղի է ունեցել գյուղից հեռու անտառներում, որտեղից միշտ գնացել են սինդրիկ հավաքելու:
«Ուղղակի այս տարի արջը նոր բույն դրած է եղել, տղամարդն էլ, չիմանալով, շատ է մոտեցել բնին, մայր արջն էլ ձագերին պաշտպանելու բնազդով հարձակվել է նրա վրա»,- նշել է նա` հավելելով, որ մահացածը 2 երեխա ունի` մեկն առաջին, մյուսը` երրորդ դասարանցի:
Հիշեցնենք, որ Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ էր դարձել: Այս մասին ֆեյսբուքում գրել էր լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին, Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու: Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,- նշել է նա: