Search
Close this search box.

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՀ ղեկավարին եւ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են անում ապահովել ՀՀ-ի անվտանգությունը

Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների 24 պատգամավորներ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Այն պահին, երբ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հայտնում են իրենց աջակցությունը Երեւանին, մենք՝ 24 եվրոպացի պատգամավորներ, խնդրում ենք Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը, որին սպառնում է Ադրբեջանը»,- գրել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) X սոցցանցում։

«Մենք ողջունում ենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որը սկիզբ դրեց Եվրամիության եւ ԱՄՆ կոնկրետ ներգրավվածությանը Հայաստանի, նրա դեմոկրատիայի, անվտանգության եւ տարածքային ամբողջականության աջակցությանը»,- նշվել է նամակում։

Փաստաթղթում ասված է, որ միջազգային հանրությունը պասիվ հետեւել է Ղարաբաղի պատերազմին 2020թ., Ադրբեջանի դաժանությանը Ղարաբաղի նկատմամբ եւ Հայաստանի տարածքի մի մասի փաստացի օկուպացմանն Ադրբեջանի կողմից։

«Ադրբեջանը չի դադարում ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել Հայաստանի հանդեպ՝ նրան մեղադրելով թվացյալ սադրանքներում։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը պատրվակ է փնտրում Հայաստանին պատժելու համար դեպի Եվրոպա իր կողմնորոշման համար։ Մենք չենք կարող անտարբեր մնալ դեմոկրատիայի սպառնալիքներին եւ համոզված ենք, որ Հայաստանը հարեւանների հետ խաղաղ ապրելուց եւ իր սեփական ուղին ընտրելուց բացի այլ բան չի փնտրում»,- նշված է նամակում։

Եվրախորհրդարանի պատգամավորները ֆոն դեր Լյայենին եւ Բլինքենին կոչ են արել հասարակ ժեստ անել՝ գնալ Հայաստան եւ հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա միայնակ չէ գոյատեւելու եւ ազատության համար իր պայքարում։

Please enter a valid URL