ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական ամբողջ ներկապնակը գտնվում է Տավուշի մարզում։
«Ընդ որում, խոսում են բաներ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գնում են, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց։ Գյուղերը չենք տալիս, անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ երբ սահմանագիծը հաստատվեց՝ պաշտպանելը դառնում է շատ հեշտ։
«Դրանից հետո կանգնում են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը»,- նշեց նա։
Հարցին՝ ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը՝ նա արձագանքեց. «Պարզ է չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։