Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար, հայտնում են Վարդանյանի գրասենյակից:

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և  գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է  համարվում նաև այն,  որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- հայտնեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

Please enter a valid URL