Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց՝ Հայաստանի համար այն ցավալի փաստ է: «Ցավալի է նաև, որ բավարար չէ ներգաղթը: Մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել, գնալ, տեղափոխվել մի տեղից մյուսը, սակայն եթե ճիշտ բալանս ունես և եթե դրական բալանս ունես ավելի լավ, այսինքն՝ ներգաղթն էլ ավելի մեծ է, քան արտագաղթը: Մեր դեպքում արտագաղթը գերակշռում է ներգաղթին»,- նշեց Արմեն Սարգսյանը: Արտագաղթը կանխարգելու և ներգաղթն ավելացնելու ուղիներն, ըստ Սարգսյանի, բազմաթիվ են՝ սկսած կոռուպցիայից մինչև անհանդուրժողականություն: «Բայց դա բավարար չի լինելու, կան դրական քայլեր և դրանց մի մասը մեծ ներդրում և պետական որոշում չի պահանջում»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով հաճախ այցելել Գյումրի, Արցախ և այլն: Սարգսյանը նաև շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա դինամիկ զարգացող, ինտելեկտուալ երկիր: