Search
Close this search box.

«Անվտանգության վակուում, տնտեսության լուրջ խնդիրներ, բնակչության արտահոսք». Մոսկվան զգուշացնում է Երևանին

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև։

«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 5-ին՝ Բրյուսելում, դիտարկում ենք` որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու` «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձը։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ցանկությունը կարող է հանգեցնել առավել բացասական հետևանքների՝ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճի։

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մենք գիտենք, որ Վաշինգթոնը և Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո, փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի և ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018թ.-ից՝ չորս անգամ) և արդյունքում՝ ռեկորդային տնտեսական աճ և բնակչության բարեկեցության աճ։

Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների միջոցով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշինքի առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար հիմքը ոչնչացնելու փորձերից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունները, որոնք նախատեսում են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման միջոցներ:

Հենց Վաշինգթոնի և Բրյուսելի ճնշման տակ էր, որ պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների կատարումը, որոնցից շատերի, մասնավորապես` փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը։

Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին` իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,- ասված է հայտարարությունում։

Please enter a valid URL