Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը` Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման մասին

Շատերն այս իրադարձության շուրջ այնպիսի պատումներ են ստեղծել՝ ընդհուպ անվտանգության պակտի ստորագրում, որոնք ընդհանրապես չեն համատասխանում իրականությանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է սպասել վաղը Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից։

«Սա Գրանադայում կայացած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպման շարունակությունն է, և Գրանադայի հայտարարությունում նշված էր, որ Եվրահանձնաժողովի նախագահը կաշխատի Միացյալ Նահանգների հետ Հայաստանին աջակցելու ջանքերը մեկտեղելու համար։ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջերս բազմաթիվ փոփոխություններ են կրել, և այժմ նման հանդիպում է կայանում առաջնորդների մակարդակով, որպեսզի տնտեսության մասով քննարկված օրակարգային հարցերը մղվեն առաջ, սա է հիմնական նպատակը։

Մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների թե՛ ԵՄ տարածքում, թե ԱՄՆ շուկայում, մեր նպատակն է առաջ մղել այս օրակարգերը։ Մի շարք հարցեր մինչ այս էլ քննարկվել են, կան նաև օրակարգային նոր հարցեր, որոնք քննարկվելու են Բրյուսելում։ Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական գործընթաց է։ Մենք, բնականաբար, տնային մեծ աշխատանք ունենք այս հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն էլ իրենց փայ աշխատանքն ունեն անելու, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին օգնելու, նրանց կարիքները հոգալու հարցերը»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ օբյեկտից պատճառներից ելնելով՝ Հայաստանը երկար ժամանակ հասանելիություն չի ունեցել արևմտյան տեխնոլոգիաներին, և այժմ քննարկվում է այդ հարցը լուծելու հնարավորությունները։

«Ինտենսիվ օրակարգ ունենք ԱՄՆ-ի հետ, որպեսզի Հայաստանի փոխի իր դիրքը տեխնոլոգիական հնարավորությունների առումով, սա Բրյուսելի հանդիպման օրակարգային հարցերից է, և ինտենսիվ աշխատելու ենք այս ուղղությամբ»,- տեղեկացրել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը, անդրադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպման վերաբերյալ Ադրբեջանից և Ռուսաստանից հնչող քննադատություններին, շեշտել է, որ այդ հանդիպմանը միայն տնտեսական, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվելու, ոչ թե Ռուսաստանին, Ադրբեջանին, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող թեմաներ։

Please enter a valid URL