Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի Բրյուսելում սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։
«Այս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանին, բայց հիմա երբ այդպիսի առճակատում կա՝ Արեւմուտք-Ռուսաստան, ապա այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։
Լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, որ իբր մեզ փող են խոստանալու, բայց իմ կարծիքով Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինել՝ խնդրել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին՝ ռեալ օգնեն վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, որ վերականգնվի արցախահայության իրավունքները։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական եւ ոչ իրավաչափ միջոցներով հաշվերհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։