Search
Close this search box.

Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել. Ֆրանսիայի դեսպանը՝ Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման մասին

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին աջակցություն ցուցաբերելն է եւ այս հարցում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ջանքերը համատեղելը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ինչպես նաեւ հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր ԼՂ-ից 100 հազար բռնի տեղահանվածների հոսքին, եւ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռեւս զգալի են երկրի համար:

Հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ: Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում համագործակցություն ենք սկսել Հայաստանի հետ, որը զարգանում է: Հայաստանի ՊՆ ղեկավարն այցելեց Փարիզ, Ֆրանսիայի ՊՆ ղեկավարն իր հերթին այցելեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ արդյունքների, սարքավորումների ու վերապատրաստումների տեսքով, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը արդեն քննադատում են ապրիլի 5-ին սպասվող հանդիպումը, Ֆրանսիայի դեսպանն ասաց. «Չեմ հասկանում, թե ինչպես մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջեւ, կարող է վնասել տարածքային անվտանգությանը: Ինձ համար այդ մտահոգություններն անհասկանալի են:

Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»:

Please enter a valid URL