ՀՀ տարածքային նախարար Գնել Սանոսյանին երևի թվում է, որ Հայաստանի ղեկավարը ինքն է, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպս նա իրեն հենց այդպես է պահում: Սանոսյանը երևի իր մեջ մտածում է. «Ինչ պակաս ղեկավար եմ. տեսքս է պակաս, թե խելքս, թե լիազորություններս. Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարները իմ ենթակայության տակ են, նշանակում է Հայաստանը ես եմ ղեկավարում: Իսկ ով Փաշինյանին է իր ղեկավար համարում, դրա համար շատ կափսոսա»:
Սանոսյանը ամեն ինչ անում է, որ համայքների ղեկավարները հենց այդպես էլ մտածեն. տեսնեն ու հասկանան, որ Հայաստանում հարց լուծողը ինքն է, և ոչ թե Փաշինյանը:
Համայնքապետերից շատերն ասում են, որ երբ իրենք որևէ համայնքային նշանակության ենթակառուցվածքի, կամ համայնքային նշանակության կառույցի շինարարության համար ֆինասավորում հատկացնելու, ծրագիրը բյուջեի մեջ մտցնելու համար դիմում են տարածքային կառավարման նախարարություն, և նախարար Գնել Սանոսյանին, ապա նրա պատասխանը կարող է լինել բացասական: Իրենք հիմնավորում են, որ այդ ծրագրի համար գումարի հատկացումը խիստ անհրաժեշտ է, որ դրա իրականացումը կապված է հարյուրավոր, հազարավոր մարդկանց կյանքի պայմանների բարելավման հետ, բայց դա այնքան էլ չի մտահոգում Սանոսյանին: Թե ինչպես կարելի է շահագրգռել Սանոսյանին, որ նա դրական վերաբերվի առաջարկին, կարելի է միայն ենթադրել, որովհետև մի դեպքում նա շատ առատաձեռն է ու կամեցող, իսկ մյուս դեպքում կարող է դրսևորել չոր մերժողական կեցվածք:
Ի՞նչ պետք է անի Սանոսյանից մերժում ստացած համայնքապետը, եթե ուզում է, որ իր ղեկավարած համայնքի համար կարևոր նշանակության նախագծի իրականացումը առաջ մղել, հասնել պետական ֆինանսավորման տրամադրմանը: Բնական է, որ մարդը մտածում է, որ եթե նախարարի միջոցով հարցը լուծել հնարավոր չի, նա չի դրսևորում բավարար ցանկություն, պետք է դիմել վերադասին, վարչապետ Փաշինյանին, և նրանից ակնկալել աջակցություն:
Փաշինյանն, ինքը ծրագիր հաստատող չի, բայց եթե նա համոզվի այդ ծրագրի իրականացման հրատապության մեջ, անպայման կկարգադրի, որ Սանոսյանը հարցին լուծում տա: Բայց այս տրամաբանությունը միայն առաջին հայացքից է աշխատող թվում, իրականում այն գործում է ճիշտ հակառակ ձևով:
Համայնաքապետերը պատմում են, որ երբ իրենք Սանոսյանից մերժում են ստացել, և իրենց խնդիրներով դիմել են վարչապետ Փաշինյանին, դրանից հետո Սանոսյանի վերաբերմունքը իրենց նկատմամբ արմատական փոփոխության է ենթարկվել, իրենք հայտնվել են նորին գերազանցության «Սև ցուցակում»: Այդ ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Սանոսյանը կարող է չպատասխանել զանգերին, հրաժարվել հանդիպումներից, և ընդհանրապես համարել, որ պետք է պատժել ոչ միայն համայնքապեին, այլ ամբողջ համայնքը, զրկելով անհրաժեշտ ծրագրերի համար տրամադրվելիք ֆինանսական միջոցներից:
Հենց այդ պատճառով է, որ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է Հայաստանի ղեկավարը`Նիկոլ Փաշինյանը, ում ընտրել է Հայաստանի Խորհրդարանը, թե՞ Փաշինյանի նշանակած նախարար Գնել Սանոսյանը, ում որևէ մեկը չի ընտրել, բայց ինքը կարող է իրեն իրավունք վերապահել արհամարհել տասնյակ հազարավոր ձայներով ընտրված համայնքապետերին, դրանով արհամարհելով նաև այդ ընտրողներին:Գուցե Սանոսյանը իր պահվածքով ուզում է դժգոհություն գեներացնել Փաշինյանի նկատմամբ, և համայնքապետերը, որոնց մեծ մասը ՔՊ-ականներ են, ի վերջո հասկանան, որ իշխանության ղեկին պետք է տեսնել մեկին, ով կարող է խոստանալ և պահել իր խոսքը, և ոչ թե մեկին, ում խոսքն անգամ Սանոսյանի համար եղած չեղած մի հաշիվ է:
Փաստն այն է, որ Սանոսյանը հետևողականորեն հեղինակազրկում է Փաշինյանին ոչ միայն հասարակության, այլ հենց իր թիմի ներսում, ինչը ավարտվելու է կամ նրա հեռացմամբ`Փաշինյանը մի օր կարող է ուղղակի նրան ազատել աշխատանքից, ինչը միանգամայն օրինաչափ կլինի, կամ ընդհակառակը ինքը կհեռացնի Փաշինյանին, և կզբաղեցնի նրա տեղը, ցույց տալով թե ո՞վ է Հայաստանի իրական ղեկավարը:
Armlife.am