Եթե մեկը ՀՀ 29․800 քկմ-ից 1 մետր զիջի, ուրեմն՝ ազգի դավաճան է, խոսքը Տավուշի հարակից գյուղերի մասին է, որոնք մեր վերահսկողության տակ են անցել որպես անվտանգային գոտի, հիմա Ադրբեջանը պահանջում է, որ վերադարձնենք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Ադրբեջանն ասում է՝ իմ հողերը վերցնելու եմ, հիմա եթե Փաշինյանը այդ ճշմարտությունն ասում է՝ դա ահաբեկե՞լ է նշանակում։ Ադրբեջանը տեղային կռիվներ կարող է սկսել, ասում է՝ իմ տարածքները տվեք, բայց մեծ պատերազմի չի գնա, քանի որ բանակցություններ են ընթանում»,-մեկնաբանել է Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը, պատգամավորը նշել է, որ եթե այդ կառույցը մեր սահմանները չի ճանաչում, այնտեղ մնալու իմաստը կորում է։ Բայց ՀԱՊԿ-ի հետ կապված ժողովուրդը պետք է որոշի, որ պատասխանատվությունը իշխանության վրա չընկնի։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալուն հաջորդի ռազմաբազայի հեռացումը, Մելքոնյանը նկատել է․ «ՌԴ զորքը, որ տեղակայված է ՀՀ-ում, ի՞նչ դրական բան է արել, Վայքից փախան, իմանալով որ հարձակում է լինելու՝ Վարդենիսից, Տեղից հենակետերը հանձնեցին, փախան։ Ախպե ՛ր, ձեր զորքերը վերցրեք, գնացեք, Հայաստանի մասին մի մտածեք, մենք մեր երկիրը կպահենք, ոչ ռուսի, ոչ էլ եվրոպացու վրա պիտի հույս չդնենք, զենք ենք գնում, մեր երկիրը կպահենք»։