«Հրապարակ»-ը քաղաքացիներից մեկից ահազանգ է ստացել, որ նախորդ ամիս 3 ամսով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պարզ է դարձել, որ վճարը հազար դրամով թանկացել է․ «Նախորդ տարվա վերջին «Սիլ»-ում ես 3 ամսվա համար վճարել եմ 12 հազար դրամ, մի քանի օր առաջ նույն ժամկետով վերակնքեցի պայմանագիրը՝ վճարելով 13 հազար դրամ։ Հարցը էդ 1000 դրամը չի, այլ այն, որ, երբ ես չեմ ունեցել վթար, ոչ մի միջադեպ, թանկացել ա, 2 ամիս հետո էլ կարող ա ասեն 23 հազար ենք դարձնում ԱՊՊԱ-ն»։
«Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից մեզ փոխանցեցին, որ թանկացումը եղել է փետրվար ամսից, դա պայմանավորված է վերջին փոփոխություններով․ «2 մոդելի փոփոխության հնարավորություն է տրվել բոլոր ապահովագրական ընկերություններին, չեմ կարող ասել՝ որ ընկերությունը ինչքան է գինը բարձրացրել, կարող եմ նշել, որ մեքենայի տարեթիվը եւս նշանակություն ունի»։
Մեզ նաեւ փոխանցեցին, որ առանց վերահսկող մարմինների հաստատման ոչինչ չի կիրառվում։
Նշենք, որ «Սիլ ինշուրանս»-ը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Նշենք նաեւ, որ Հայաստանում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացվեց ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը՝ հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ ծառայություններ: