Հրապարակը գրում է․
Ինչպեսեւ կանխատեսել էինք, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է ՀԱՊԿ սառեցված անդամակցությանը զուգահեռ սառեցնել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, եւ դրա համար համապատասխան քարոզչություն է իրականացվում: Մարտի 28-ին մի շարք կուսակցություններ, ՀԿ-ներ եւ անհատներ հայտարարություն տարածեցին, որով հորդորեցին ՀՀ իշխանություններին՝ «անհապաղ հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալու մասին եւ պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ լիիրավ անդամ դառնալու հայտով, ինչպես նաեւ բանակցություններ սկսել եվրաատլանտյան անվտանգային համակարգերում Հայաստանի ինտեգրումը խորացնելու ուղղությամբ»:
Սա իրականում ոչ թե իշխանությանն ուղղված հորդոր էր, այլ իշխանությունների կողմից իրականացվող արկածախնդրային քաղաքականության սատարում, մանավանդ որ նույն տեքստում նրանք դեմ են արտահայտվում իշխանափոխությանը. «Դատապարտում ենք հակասահմանադրական եղանակներով իշխանափոխության, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը տապալելու ցանկացած փորձ»: Իրենք էլ են ընդունում, որ իշխանությունը, առանց իրենց հորդորի էլ, նախաձեռնել է եվրաինտեգրման գործընթաց, իսկ իշխանափոխությունն ուղղված է լինելու այդ գործընթացի տապալմանը: Արձանագրենք, որ Հայաստանում կան բազմաթիվ այլ քաղաքական կուսակցություններ եւ անհատներ, ովքեր կողմ են արտահայտվում Հայաստանի եվրաինտեգրմանը, բայց չեն միացել այս հայտարարությանը՝ թերեւս չցանկանալով իրենց նույնականացնել իշխանության հետ եւ իրենց վրա վերցնել իշխանության կողմից իրականացվող քաղաքականության հետեւանքների պատասխանատվությունը:
Եթե ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու պատճառների մասին իշխանությունն ինչ-որ բացատրություններ տալիս է՝ ասելով, որ այդ կառույցը պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված մի քանի հարձակումներին, չի ճանաչում Հայաստանի սահմանը եւ նման բաներ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ոչինչ չի ասվում: Նույնիսկ հայտարարության հեղինակները չեն ասում, թե ինչու, օրինակ, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի, ինչ տնտեսական հաշվարկ կա դրա տակ, ինչ կշահեն Հայաստանը եւ նրա քաղաքացիներն այսպիսի կտրուկ փոփոխության արդյունքում: Ուզում ենք, որ Հայաստանը դուրս գա այստեղից եւ գնա այնտեղ, ու վերջ: Միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ հայտարարությունը ստորագրած ՀԿ-ները տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստացել արեւմտյան տարբեր հիմնադրամներից ու կառույցներից, եւ ինչպես ՀՀ իշխանություններն են պարտադրված կատարել հավաքական Արեւմուտքից իջեցված հրահանգները, այնպես էլ այս մարդկանց են ասել, որ պետք է նման հայտարարության տեքստի տակ ստորագրել, եւ նրանք ստորագրել են:
Իսկ գուցե Հայաստանի ապագայի մասին խոսեն ոչ թե Արեւմուտքից ֆինանսավորվող եւ իշխանության հետ փոխկապակցված մի խումբ անձինք, ովքեր իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել, որեւէ ավելացված արժեք չեն գեներացրել, յուրացրել են այլոց աշխատանքի արդյունքը, այլ գործարարները, այն տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդի՞կ, ովքեր իրենց գործունեությամբ ապահովում են Հայաստանի գոյությունը: Ի վերջո, նրանք են իրենց վրա զգալու իշխանությունների գործունեության հետեւանքները: Կամ՝ ինչո՞ւ իշխանությունը չի ներկայացնում տնտեսական հաշվարկ, թե, օրինակ, ինչ կլինի, եթե Հայաստանը հայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, որին ի պատասխան Ռուսաստանը կարող է Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ իրականացնել: Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը կտրուկ թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը, հրաժարվի Հայաստանի ատոմակայանին միջուկային վառելիք մատակարարել, փակի իր շուկան Հայաստանի արտադրողների համար կամ սահմանի այնպիսի ներմուծման հարկեր, որի արդյունքում դրանք կդառնան ոչ մրցունակ, արգելի իր տարածքից Հայաստան դրամական փոխանցումները կամ դրանց վրա եւս բարձր միջնորդավճարներ սահմանի, ինչպես, օրինակ, ժամանակին Հայաստանի բանկերն էին 3 տոկոսանոց միջնորդավճար պահանջում դեպի Հայաստան դրամական փոխանցումների համար: Կամ գուցե ներկայացնեն այն առավելությունները, որոնք Հայաստանի տնտեսվարողները կունենան ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ասեն, թե ինչ կարող ենք արտահանել ԵՄ, ընդհանրապես՝ մեր արտադրողները կարո՞ղ են ինչ-որ բան արտահանել, թե՞ եվրաինտեգրացիայի արդյունքում վերածվելու ենք ԵՄ-ի համար արտահանման շուկայի` հայերը հնարավորություն են ունենալու մի քանի ամսից առանց վիզայի այցելել ԵՄ անդամ երկրներ, ցածրակարգ բատրակի գործ կատարել՝ այդ փողով Հայաստանում սպառելով ԵՄ-ից ներմուծվող ապրանքները:
Նման հաշվարկ չի ներկայացվում ոչ թե այն պատճառով, որ գոյություն չունի, այլ հակառակը՝ մեր ունեցած տեղեկություններով, նման հաշվարկ արվել է, եւ իշխանություններն ուղղակի շոկի մեջ են ընկել դրա արդյունքներից: Մասնավորապես, մեր տեղեկությամբ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն իրականացրել է ստրես- տեստ՝ հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, եւ Ռուսաստանը կոշտ արձագանքի: Արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանին կարող է սպառնալ տնտեսական ցուցանիշների կտրուկ անկում եւ նույնիսկ կոլապս, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կորցնեն աշխատանքը, իսկ հարյուր հազարավորներն աղքատանան, Հայաստանը կունենա բյուջետային մուտքերի էական կրճատում, որը կսպառնա պետական բազմաթիվ ծրագրերի եւ պարտավորությունների կատարմանը: ԵՄ-ն ինչ-որ դրամական աջակցություն կխոստանա, բայց դա չի փակի սպասվող վնասի անգամ չնչին մասը:
Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը ցանկանում եվրաինտեգրվել, եթե հայտնի են դրա աղետալի արդյունքները եւ հետեւանքները: Բացատրությունը մեկն է. իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են ոչ թե Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահերով, այլ դրսից իջեցված հրահանգով: Նրանց հրահանգել են՝ սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին` սառեցրել են, հաջորդ քայլով հրահանգել են՝ սառեցնել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դա էլ կանեն: Նրանք առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, այն է՝ պահել իշխանությունը, իսկ իշխանություն ունենալու դեպքում իրենք ե՛ւ աշխատանք կունենան, ե՛ւ երաշխավորված հսկայական եկամուտ: Եթե անգամ ամբողջ երկիրը մատնվի աղքատության եւ սովի, իրենք կլինեն կուշտ եւ ապահով: