Իրանի հարցով ԱՄՆ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է Հարավային Կովկասի երկրներ և իր ճամփորդության արդյունքների մասին պատմել X սոցիալական ցանցում: Դատելով տեսանյութերի և լուսանկարների ժամանակագրությունից՝ ամերիկացի դիվանագետը նախ եղել է Հայաստանում, ապա՝ Վրաստանում:
Երևան և Թբիլիսի կատարած այցից հետո նա իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների պահպանումը և «իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի խնդրի» լուծմանն ուղղված ջանքերը:
«ԱՄՆ-ն ձգտում է աշխատել մեր գործընկերների հետ տարածաշրջանի դրական տեսլականն առաջ մղելու համար»,– գրել է նա:
Դատելով Փեյլիի տեսաուղերձից, որը նկարահանվել է Երևանի Հանրապետության հրապարակում, նա հանդիպումներ է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ․
«Երևանում ես բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»։
Մեկ այլ գրառմամբ էլ Իրանի հարցով հատուկ հանձնակատարը տեղեկացրել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում։
Վրաստանում Փեյլին հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարարի, Կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Թբիլիսիից ամերիկաց պաշտոնյան մեկնել է Բաքու, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և բանկային հատվածի ներկայացուցիչների հետ: Նա պաշտոնական Բաքվի հետ հանդիպումներն անվանել է «Իրանի վերաբերյալ, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում իրավիճակի շուրջ արդյունավետ քննարկումներ»: