Search
Close this search box.

Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. Պետդեպի պարզաբանումը

Բրյուսելում նախանշված հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ժողովրդավարությանն ու տնտեսությանը, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի քննարկվելու հանդիպման ժամանակ։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք բանակցություններին։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։

«Այս հանդիպումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, երկրի ժողովրդավարությանը, տնտեսությանը և կենսունակությանը։ Խաղաղության գործընթացն այդ հանդիպման քննարկման թեման չէ։ Սա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսության դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականների աջակցությունը և Հայաստանում քաղաքական բարեփոխումներին ուղղված աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այդ խորհրդակցությունը տարածաշրջանային ուղղվածություն չունի», — նշել Է Միլլերը։

Please enter a valid URL