Search
Close this search box.

«Հրապարակ». Բրյուսելը լինելու է Պրահայի կրկնությո՞ւնը

Մինչ իշխանական շրջանակները պատմական են որակում առաջիկայում սպասվելիք եռակողմ հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 5-ին ՝ Բրյուսելում, Նիկոլ Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն ձեւաչափով, հայաստանյան քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները վտանգավոր կանխատեսումներ են անում: Սպասվող հանդիպմանը շատ սուր են արձագանքել նաեւ Ռուսաստանը, Իրանը, ինչպեսեւ՝ Ադրբեջանը։ 

ՔՊ-ական շրջանակներում այդ հանդիպման «պատմականությունը» բացատրում են նրանով, որ տնտեսական մեծ աջակցություն կարող են ստանալ, ինչու ոչ՝ նաեւ անվտանգային երաշխիքներ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ասում են, որ Հայաստանն առաջին անգամն է ԵՄ եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ մի սեղանի շուրջ հարցեր քննարկելու։ Մինչդեռ այն փաստը, որ այդ հանդիպմանը չի մասնակցելու պաշտոնական Բաքուն, նշանակում է, որ այն ուղղված չի լինելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ ՌԴ-ում կարծում են, որ հանդիպումն ուղղված է ոչ թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, այլ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. «Հայաստանը վերածվում է Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։

Հանդիպումը մտահոգություններ է առաջացրել նաեւ այս պահին մեր ամենակարեւոր դաշնակցի` Իրանի մոտ: «Արեւմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում»,- կարծիք է հայտնել Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։ Ջղաձիգ եւ սպառնալից արձագանքներ են հնչել նաեւ Ադրբեջանից։ «Բրյուսելում ապրիլի 5-ին անցկացվելիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մեր զորամիավորումները պետք է բարձր պատրաստականություն պահեն մշտապես՝ հետ մղելու Հայաստանի զինված ուժերի կողմից հնարավոր նոր սադրանքները»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Եվ այս հայտարարությունները ոչ թե Հայաստանի ագրեսիայի մասին են, այլ Ադրբեջան պետության իրական վերաբերմունքի եւ ծրագրերի։ Եվ սրան զուգահեռ, նաեւ իրենց լրատվամիջոցներով ստահոդ լուրեր են տարածում, թե հայկական զինուժը մեծ ուժեր, զինտեխնիկա է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։
Որ այս հանդիպումը նախեւառաջ ուղղված է ՌԴ-ի դեմ, եւ Արեւմուտքը փորձելու է ինչ-ինչ խոստումներով Հայաստանի ձեռքով տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին՝ այստեղ հաստատելով Թուրքիայի տիրապետությունը, քաղաքագետ Սուրեն Զոլյանը որեւէ կասկած չունի եւ հիշեցնում է նաեւ թե՛ եվրոպական, թե՛ ՀՀ որոշ պաշտոնյաների հայտարարություններն այդ մասին։ Զոլյանի վերլուծությամբ՝ Ադրբեջանը փորձելու է, սովորության համաձայն, անվտանգային ինչ-ինչ, անգամ ոչ իրական հայտարարություններից հետո պատեհ առիթն օգտագործել՝ իր ծրագրերը կյանքի կոչելու համար, հատկապես որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն ադրբեջանական գործողությունների համար լեգիտիմ հիմք արդեն իսկ ստեղծել են՝ Հայաստանը ներկայացնելով որպես օկուպանտ:

«Փաշինյանը հենց ինքն է ստեղծում պատրվակներ Ադրբեջանի ռազմական հարձակման համար, երբ թերեւս Բաքվի պահանջը կատարելով ասում է, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները եւ հետ չի տալիս, բնական է, որ այդպիսով հնարավորություն է տալիս նրանց ռազմական ճանապարհով «ազատագրել» հողերը, իսկ նման հայտարարություններից հետո ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արեւմուտքը թերեւս անելիք չունեն»,- ասում է Զոլյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչող սպառնալիքները գործողությունների նախապատրաստվելու նախերգանք են։

Այս նախապատերազմական իրավիճակում առաջիկա հանդիպմանը, ըստ Զոլյանի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձելու են որոշակի երաշխիքներ տալ Հայաստանին։ «Եթե դրանք լինելու են երկաթյա երաշխիքներ` այլ հարց է, բայց մենք տեսել ենք, թե նույն հավաքական Արեւմուտքն ինչպիսի երաշխիքներ է տվել նաեւ Ուկրաինային (խոսքն այն մասին է, որ Արեւմուտքն Ուկրաինային երաշխիք տվեց ոչ թե այն առումով, որ զորք կուղարկի Ուկրաինա՝ ՌԴ բանակի դեմ կռվելու, այլ զինտեխնիկա կտրամադրի, մեր դեպքում պետք է հասկանալ, որ ոչ թե եվրոպական զինվորներն են գալու թուրքերի դեմ կռվելու, կամ բրիտանական նավերն են բարձրանալու Մասիս լեռան վրա, այլ ինչ-ինչ հնացած տեխնիկա են ուղարկելու Հայաստան), կարող ենք նախապես փաստել, որ Հայաստանին տրվող երաշխիքներն ընդամենը թեժացնելու են իրավիճակը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ, այսպես կոչված, երաշխիքը լինելու է Թուրքիայի տեսքով, ուստի ՀՀ-ից հնչող այն հակադարձումները, թե հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը եւ որեւէ երրորդ կողմի դեմ չէ, իրականությանը չեն համապատասխանում։

«Թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ պաշտոնյաները բացահայտ հայտարարել են, որ Թուրքիան մեծ դերակատար կարող է դառնալ տարածաշրջանում խնդիրների կարգավորման գործում՝ ի հակակշիռ ՌԴ-ի եւ Իրանի։ Սա էլ իր հերթին մտահոգությունների առիթ է տալիս Իրանին ու Ռուսաստանին։ Ահա այն ամենը, ինչ ստորագրվելու է, կամ պայմանավորվելու են առաջիկա հանդիպմանը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ քայլերին, ապա, քաղաքագետի խոսքով, պետք չէ երազել, թե հավաքական Արեւմուտքը պատժամիջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ, դրա ապացույցը նկատելի դարձավ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ տարածաշրջան այցի ընթացքում։ «Եթե ամփոփենք, ապա սա մեր իշխանությունների հերթական վտանգավոր արկածախնդրությունն է լինելու, որին կհաջորդեն վտանգավոր հայտարարություններ, գործողություններ․․․ ինձ մոտ տպավորություն է, որ Պրահայի կրկնությունն է լինելու:

Հիշենք, որ դրանից հետո մենք կորցրինք Արցախը, իսկ այդ պայմանավորվածությունների պատասխանատուներ Միշելն ու Մակրոնն Արցախի կորստից հետո որեւէ ձեւով գործնականում չարձագանքեցին Ադրբեջանին՝ չհաշված մեկ-երկու ձեւական հայտարարությունները, թեպետ իրենք էին այդ հանդիպման պատասխանատուները։

Ուստի Ադրբեջանը հիմա շահեկան դիրքերում է, կարողացել է մարսել Արցախի զավթումը, հիմա էլ կարող է, Փաշինյանի տրամաբանությամբ, հետ պահանջել իր հողերը»,- եզրափակեց Զոլյանը՝ հիշեցնելով, որ Տավուշի բնակավայրերի վերաբերյալ փաշինյանական «փաստարկը» ծիծաղելի է, թե դեմարկացիան ու դելիմիտացիան սկսում են Ալմա-Աթայի հռչակագրի սահմանած սահմաններով: Զավեշտալի է` այդ հռչակագիրն առաջին հերթին Ադրբեջանը չի ընդունում: Քաղաքագետի խոսքով՝ այդ հռչակագիրը չգործող է, ինչպես, ասենք, Սեւրի պայմանագիրը։

Please enter a valid URL