Բուսաբանական այգում հուշապուրակի կառուցման աշխատանքները կատարված են մոտ 10 տոկոսի չափով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը:
«Մասնավորապես հիմա կատարվում են ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ, հենապարսպի բետոնացումը կատարված է 80 տոկոսով: Սպասասրահի շենքի կառուցման, լուսավորության եւ ինտերնետ մալուխների մոնտաժման աշխատանքներն ընթանում են, լճի հատվածում հողային աշխատանքներն ավարտվել են, ավարտական փուլում են նաեւ լճի հատակի խճապատման աշխատանքները: Մեկնարկել են բետոնե նախապատրաստական շերտի աշխատանքները: Ներկայումս տեղադրվում են գլխավոր ճեմուղու բազալտե եզրաքարերը, լուսավորության համակարգի մալուխները: Միաժամանակ կատարվում են ոռոգման ցանցի մոնտաժման աշխատանքներչը»,-ասաց նա:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Բոլոր այն այգիներում, որտեղ քարապատում ենք, եկեք այդ պրակտիկայից հրաժարվենք: Քարապատում, տոմետապատում, բետոնապատում տրամաբանությունը մոռանանք: Եթե այգի ենք հիմնանորոգում, ծառեր պետք է տնկենք, ուրեմն եկեք հնարավորինս զերծ մնանք տոմետից և քայլուղիները քարով պատելուց:
Կարելի է անել շատ ավելի պարզ՝ գրունտային տարբերակներով: Ե՛վ ֆինանսապես է ձեռնտու, և՛ միջավայրին ավելի համապատասխան կլինի։ Կանաչ տարածքը պարտադիր չէ, որ քարապատված լինի:
Մասնավորապես՝ Օղակաձև զբոսայգու 4-րդում պետք է հրաժարվենք տոմետներից ու քարից, միջավայրը պետք է ավելի բնականին մոտ լինի։ Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում»,-ասաց քաղաքապետը։