Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
«Զատիկին Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինկենի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը», — գրել է դեսպանն X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժ» չի նկատվել։
«ԵՄ առաքելությունն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանը, ամեն ինչ հանգիստ է եղել, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»: — ասվում է առաքելության հայտարարության մեջ։
Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությանը արձագանքել են նաև Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։