Ոչ մի ուժ չի´ կարող մեզ ընկճել, ճզմել, եթե մեր հավատքը խարսխված է մեր Տիրոջ հարության հաղթանակի վրա, զատկական քարոզի ժամանակ այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հարության ավետիսով՝ մեր հայացքը ուղղելով դեպի մեր նահատակ զավակները, իրենց ընտանիքները, ուխտ կնքենք երկնքի և երկրի առջև վերստին մեր կյանքը դարձնել հարության և հաղթանակի կյանք: Հարության հաղթանակի ավետիսը մեր որբացած Արցախ աշխարհին: Մենք կամ կնույնանանք Հարության հաղթանակի հետ կամ գերեզմանի»,- նշել է նա:
«Ի՞նչ պատգամ ունեմ ես, որ ապրում եմ հարության հաղթանակի խորհրդի մեջ․․․ Սաղմոսի բառերն են վազում մտքիս առջևով՝ թեպետ ընթանամ մահվան հովիտներով, չեմ վախենա չարից, որովհետև Տեր, Դու ինձ հետ ես․․․ Սա հաստատակամ համոզում է և այդպիսին պիտի դառնա մեզ համար, ժողովուրդ, եթե իսկապես մենք ուզում ենք մաքրված, վերափոխված ազգ դառնալ, ո՛չ թափառական՝ թե՛ մտքով, թե՛ հոգով, թե՛ ֆիզիկապես, ո՛չ սովորական, ո՛չ փողոցայնացած, ո՛չ վարքազրկված, ո՛չ արժեզրկված, ո՛չ գաղափարազրկված, ո՛չ հայրենազրկված և ո՛չ էլ Աստվածազրկված»,- ասել է Սրբազանը:
Նա ընդգծել է` բարդ, դժվար ու վճռորոշ ժամանակներ են, և հենց մեր սերունդին է պատիվը տրվել այդ վճռորոշ, բարդ ու դժվար ժամանակները, մեր պարտության ժամանակները դարձնել ոչ թե հանձնվելու, ստորանալու, նվաստանալու ժամանակներ, այլ հակառակը՝ դարձնելու մեզ համար վերելքի, սխրանքի, հերոսության, հաղթանակների և հարության ժամանակներ:
«Ոչ մի ուժ չի´ կարող մեզ ընկճել, ճզմել, եթե մեր հավատքը խարսխված է մեր Տիրոջ հարության հաղթանակի վրա: Ես հավատում եմ․ ինչպես քչով` ընդամենը 12 առաքյալներով նվաճեցին ամբողջ աշխարհը, մենք էլ մի բռով ու բռունցքով կկարողանանք ոչ միայն հաղթահարել, այլ մեզ վրա եկող բոլոր հարվածները դարձնել կյանքի ճանապարհ:
Մտքի և հոգու հարձակում․․․ Չի´ ստացվելու, սատանա, չի՛ ստացվելու, չարիք, չի՛ ստացվելու, մի՛ փորձիր։ Որքան էլ քո մահվան ստվերներն ու հովիտները լույսի տեսքով ներկայանան մեզ, չե՛ն կարողանալու հաղթել մեզ, որովհետև մեր Տեր Աստվածն է մեզ հետ․․․ Նայե´ք ձեր զավակների աչքերի մեջ․․․ այս երեխաներին ու իրենց հետո եկողներին մենք պատասխան պիտի տանք․․․ որոշումներ կայացնելու ժամանակն է․․․ Մեր կյանքի լուծումը մեր ձեռքերի մեջ է, միայն թե ճշմարտությունն ու արդարությունը դառնա մեր կյանքի սկզբունք: Դեռ սպառնում են մեզ: Մեր կյանքի վճռական ժամանակն է և մենք ասելիք ունենք այդ ժամանակի մեջ, և անելիք ունենք այդ ժամանակի մեջ․․․
Ժողովուրդ, ժամ տվեք ձեզ, մտածե՛ք: Թույլ մի տվեք թշնամին մտածի ձեր փոխարեն․․․
Այս օրը մեզ համար պիտի դառնա հաղթանակ կնքելու ուխտի օր»,- ասել է Բագրատ Սրբազանը: