Ադրբեջանի՝ Հայաստանից ունեցած տարածքային պահանջների, սահմանային իրավիճակի, Տավուշի մարզի գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշման վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ։
— Պարոն Թաթոյան, Տավուշի 4 գյուղերի հանձնումը իշխանությունները ներկայացնում են որպես դեմարկացիայի ու դելիմիտացիայի բնականոն գործընթացի մաս։ Արդյո՞ք դրանք փոխկապակցված են, և եթե այո, ապա ինչո՞ւ է Հայաստանը զիջումներով սկսում այդ պրոցեսը։
— Տեղի ունեցողը դեմարկացիայի ու դելիմիտացիայի, սահմանների որոշման պրոցեսի հետ ոչ մի կապ չունի։ Դուք չեք կարող գտնել միջազգային որևէ կարգավորում, որևէ գործընթաց, որ այս պրոցեսը անգամ աղերս ունենա դրա հետ։ Նախ պետք է լինեն երկկողմ հանձնաժողվներ, ընդ որում ոչ այս հանձնաժողովների տեսքով, որ հիմա գոյություն ունեն։ Դրանք պետք է ունենան նախապես հրապարակված հստակ իրավասության սահմաններ, լիազորություններ, դրանց մանդատները պետք է պարզ լինեն։ Դրանից բացի՝ այդ հանձնաժողովները ոչ թե պետք է ղեկավարվեն ընդամենը աշխարհագրական այն քարտեզներով, որոնք առկա են, այլ այդտեղ պետք է լինեն կադաստրային փաստաթղթեր, գեոդեզիական քարտեզներ, որոնք հողերին են վերաբերում, պետք է լինեն անտառային քարտեզներ, ջրային քարտեզներ, պետք է մանրամասն ուսումնասիրել բնակչության կարիքները։ Պետք է գնալ, մանրամասն խոսել, հասկանալ, թե ինչ կարիքներ կան։ Օրինակ՝ պատկերացրեք մի հողատարածք, արոտավայր գտնվում է սահմանի մյուս հատվածում, ապա սահմանի որոշման նախագիծը պարտադիր այնպես պետք է իրականացվի, որ այդ մարդուն հնարավորություն տրվի օգտագործել այն։ Անգամ եթե կան ջրի աղբյուրներ, որ մարդիկ ավանդույթի ուժով սովոր են այդտեղից ջուր վերցնելու, ապա պետք է մարդուն պարտադիր այդ հնարավորությունը տրվի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում