Մոսկվայի հայկական եկեղեցու ծխական Կարեն Ենգիբարյանը այրվող «Կրոկուս Սիթի Հոլ» է գնացել՝ արձագանքելով ընկերոջ խնդրանքին։ Այս մասին РИА Новости–ին պատմել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի աշխատակից Հովհաննես Մինասյանը։
«Երբ ահաբեկչությունը տեղի է ունեցել, ընկերը զանգել է նրան ու ասել, որ այնտեղ է գտնվում իր մայրը, օգնություն է խնդրել։ Ընկերոջ մայրը, ցավոք, մահացել է, նրան երեկ թաղեցին: Երբ Կարենը հասել է «Կրոկուս», բաճկոնը տվել է փողոցում կանգնած մարդկանցից մեկին, որ չմրսի, իսկ ինքը նետվել է շենք և օգնել, որ մարդիկ դուրս գան այնտեղից։ Երկար ժամանակ է գտնվել այնտեղ, ծուխ է շնչել։ Իսկ երբ դուրս է եկել, առանց բաճկոնի մրսել է», — ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ երբ Կարենը հասել է տուն, ինքնազգացողությունը վատացել է, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։ «Նա մահացել է հիվանդանոցում։ Բժիշկներն ասել են, որ դա հրդեհից ծխի ներշնչման և մրսածության հետևանքով առաջացած վատ վիճակի հետևանք է։ Նա 35 տարեկան էր, նա այնքան բարեհամբույր մարդ էր։ Սիրում էի կատակել»,- հիշում է Հովհաննեսը։
Կարենը եղել է նաև հայկական երիտասարդական միության անդամ, որը գործել է եկեղեցուն կից:
«Ամուսնացել էր ծխականներից մեկի հետ, կինը նույնպես երիտասարդական միության անդամ է։ Երջանիկ զույգ էր, շատ էին սիրում իրան։ Վերջերս էին ամուսնացել, չհասցրին երեխա ունենալ․.. Կարենի արածը սրտի կանչ էր։ Մարդկանց պետք էր օգնել: Նա տեսել է, որ ողբերգություն է տեղի ունենում, երեխաներ կան, կանայք, և, բնականաբար, իր պարտքն է համարել օգնել կանանց և երեխաներին», — ասել է գործակալության զրուցակիցը։