Հայաստանի Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը:
Հայտարարության մեջ ասվում է. «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը, որը միավորում է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին, հետևելով վերջին շրջանում Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված անընդունելի մեկնաբանություններին և առաջարկություններին,
արձանագրում է․
1988 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ցեղասպանական գործողություններով պայմանավորված, վերսկսվեց հայկական ազգային ազատագրական պայքարը, որի արդյունքում Հայ ժողովուրդը օրակարգ բերեց իր սեփական պետականության անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլիներ վերցնելու Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման պատասխանատվությունը։
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ ընտրություններին ժողովուրդը փաստացի ձայն տվեց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ շարժման ներկայացուցիչներին, այլ անկախ պետականության վերականգնման գործընթացին անդամագրված անհատներին։
Բացառիկ լեգիտիմությամբ և կարգավիճակով օժտված պառլամենտը՝ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագիրն, ըստ էության միաձայն, ընդունել է հայ ժողովրդի կենսագոյի հիմնական արժեքների ու կողմնորոշումների շուրջ հասարակական համաձայնության պայմաններում։
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից, 1991թ մարտի 1-ին որոշեց. նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ քվեարկության դնել հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։
Հանրաքվեն անցկացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին և հանրապետության բնակչության քվեարկության իրավունք ունեցողների ճնշող մեծամասնությունը 2.042.262 (94,39 տոկոսը) «այո» ասաց Հանրաքվեի հարցին։
Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու Հայկական անկախ ու ժողովրդավար պետություն և 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Գերագույն խորհուրդը, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։
Հայաստանի Անկախության հռչակագրի, հետագայում ընդունված Սահմանադրության որևէ դրույթ և ՀՀ պետական խորհրդանիշները՝ Միավորված ազգերի անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել։
Հայաստանի Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից:
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը՝ հաշվի առնելով պատգամավորների դիրքորոշումները հայտարարում է.
Հայաստանի Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է և հանդիսանում է հայկական պետականության հարատևության հենասյուներից մեկը։
Հայաստանի Անկախության հռչակագիրը պետականաստեղծ, հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես անկախ պետականության պահպանման, հարատևության երաշխիքներից մեկը։