Ամերիկյան համալսարանի՝ «Իրավագիտության և մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագրերի» շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել է Արցախում իրականացված ադրբեջանական հանցավոր արարքների, ցեղասպան ռազմավարության մասին, ինչպես նաև Ներքին Հանդի օրինակով ներկայացրել ՀՀ սահմանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նրա խոսքով Ադրբեջանը հիմա էլ Հայաստանում է իրականացնում այն, ինչ իրականացրեց Արցախում՝ նպատակ ունենալով վերացնել այն ամենը, ինչը հայկական է․ «Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զինծառայողները եկել, մոտեցել են գյուղերին ու քաղաքներին, ադրբեջանական ցանկացած ներկայություն մեր որևէ գյուղի, քաղաքի հարևանությամբ ամբողջությամբ խաթարում է մարդկանց անվտանգությունը։
Ներքին Հանդը երեք կողմից շրջափակված է ադրբեջանական զինված ծառայողներով, փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ 25 զինված դիրք կա Ներքին Հանդի շրջակայքում, ընդ որում, հենց այս դիրքերից Ներքին Հանդում սպանվեցին մեր զինծառայողները։ Դիրքերից որոշները գտնվում են ՀՀ տարածքում։ Ադրբեջանական զինծառայողների հայտնվելուց հետո գյուղի՝ մարդկանց կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր կառույցները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, օրինակ՝ դպրոցից 700 մ հեռու ադրբեջանական դիրք է, եթե գյուղի մոտ լուռ կանգնես, կլսես, թե ադրբեջանական զինված ծառայողներն ինչ են խոսում։ Միայն այս փոքրիկ գյուղից 2700 հա գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Ադրբեջանական զինծառայողները ՀՀ-ում դիրքեր տեղադրելիս ականպատում են դրանք, փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրել ենք, որ այդ ականներն այնպես են տեղադրում, որ, օրինակ, խոշոր եղջերավորները սատկում են այդ ականների պայթյունից, Ներքին Հանդում վերացել է անասնապահությունը, որը մարդկանց համար եկամուտի աղբյուր է»,- ասել է Արման Թաթոյանը։