Search
Close this search box.

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես արդեն ստիպված էի մեկնաբանել այժմյան իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր գնում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասաց նա։

Լավրովը նշել է, որ Երևանի ներկա քաղաքական կուրսը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականներին, սահմանապահներին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը վարկաբեկմամբ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, թե Երեւանում չեն հիշատակում, որ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել երկիր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:

Լավրովը հիշեցրել է, որ այս առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում՝ նախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և ԵՄ նմանատիպ առաքելություն հրավիրեց Հայաստան։

ԵՄ առաքելությունը հետագայում կրկնապատկվեց, և այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության, ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում են Փաշինյանը, նրա աշխատակազմը, Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը։

Please enter a valid URL