ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին (դա գործնականում նշանակում է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը):
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանքի, գործերը): Հուսամ մի օր արդարադատությունը կվերականգնվի և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս.Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս.Դադոյանը, Գ.Հովհաննիսյանը և Ա.Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- նշել է նա: