Search
Close this search box.

Ինչի՞ց է մшհшցել 20-ամյա հղի կինը. ՔԿ-ն մանրամասնում է

Վանաձորում 2022 թ․–ի օգոստոսին 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ն մահացել է է բժիշկների բացթողումների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը պարզել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 20-ամյա հղի կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել: Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

«Ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք: Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է»,– ասված է հաղորդագրությունում։

Այնուհետ, երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ։

«Հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը՝ հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Please enter a valid URL