Search
Close this search box.

Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի

Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձրամակարդակ հանդիպումը։

Այնինչ, Զախարովայի խոսքով, նման միջոցառումներն անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում, որովհետեւ ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիրներն ուղիղ, բացահայտ տեքստով ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։

Նման հանդիպումները, նրա կարծիքով, անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, որովհետեւ ուղղված են ոչ թե խաղաղության ձեռքբերմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլ Արեւմուտքի հետագա ներդրմանը Հարավային Կովկասում՝ իր չափազանց ապակառուցողական մոտեցումներով, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետեւելու պարտադրմանը, Մոսկվայի հետ նրանց բազմադարյա կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների փլուզմանը։

«Թե ինչու է պաշտոնական Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը՝ մեծ հարց է։ Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից»,- գրել է նա։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է բարձրամակարդակ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջեւ։ Հայաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ նպատակը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխգործակցության խորացումն է։

Please enter a valid URL