ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նույնպես նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում: 2024թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է կարմրուկի 200 դեպք: 2024թ. փետրվարին դեպքերը ավելացել են 43%-ով՝ համեմատած հունվարի հետ, իսկ մարտին՝ 69%-ով՝ համեմատած փետրվարի հետ, ինչպես և կանխատեսվել էր մեր նախորդ վերլուծության արդյունքում: Դեպքերի 62%-ը կազմել են երեխաները, իսկ 38%-ը՝ մեծահասակները: Սա կարմրուկին նախկինում ոչ բնորոշ միտում է, երբ դեպքերի 1/3-ից ավելին արձանագրվել է մեծահասակ ազգաբնակչության շրջանում, ինչը վկայում է թերի պատվաստման, կամ ընդհանրապես պատվաստումային կարգավիճակի բացակայության մասին: Հիվանդների մոտ 75%-ը ենթարկվել է հոսպիտալացման։
Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված: Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2024թ.-ի ընթացքում Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ երկրներից 40-ում արձանագրվել է կարմրուկի 30.000 դեպք (16.02.2024թ.-ի դրությամբ):
Եվրոպական տարածաշրջանում առավել բարձր դեպքերի թիվ արձանագրվել է Ղազախստանում (21.740 դեպք), Ադրբեջանում (13.720 դեպք), Ռուսաստանի Դաշնությունում (7594 դեպք), Ղրղզստանում (7601 դեպք): Համաձայն Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատման` ակնկալվում է բարձրացման շարունակական միտում, եթե ամբողջ տարածաշրջանում անհապաղ չձեռնարկվեն այն կանխելու միջոցառումներ:
Ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել.
Կարմրուկի հիմնական և արդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Հայաստանում այն իրականացվում է պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան՝ երկու դեղաչափով՝ 1 տ. և 4-6 տ. հասակում: Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունա¬վետություն, որն ապահովվում է 95% պաշտպանություն առաջին դեղաչափի և 99%՝ երկրորդ դեղաչափի ներմուծման դեպքում: Հաշվի առնելով կարմրուկի վիրուսի բարձր հպավարակելիությունը՝ կոլեկտիվ անընկալության շեմը բավականին բարձր է, հետևաբար վիրուսի շրջանառությունը ընդհատելու համար անհրաժեշտ է ապահովել և մշտապես պահպանել 95% և բարձր պատվաստումային ընդգրկվածութ¬յան մակարդակ: Ուստի հորդորում ենք պատվաստման նպատակային խմբի երեխաների ծնողներին, ինչպես նաև չպատվաստված, թերի պատվաստված, կամ անհայտ պատվաստումային կարգավիճակ ունեցող անձանց ներկայանալ տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:
Կարևոր է նաև կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը` վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ուստի, անհրաժեշտ է կարմրուկի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ մաշկի ցանավորում և ջերմության բարձրացում, անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության:
Հիվանդության լաբորատոր հաստատումը իրականացվում է արյան իմունաբանական հետազոտության միջոցով, ցանը ի հայտ գալուց հետո 72 ժամ անց:
Վարակի օջախում կարմրուկով հիվանդի հետ շփված ընկալ անձինք ենթարկվում են հրատապ հետազդակային իմունականխարգելման՝ սկսած 6 ամսականից»: