ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում։
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի․ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում արվեն համապատասխան քայլեր, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների, Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար, չօգտագործեն»,- ասե է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։
«Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, թե մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են։
«Եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ»,- հավելել է Փաշինյանը։
«Ամեն մեկը գնա, բնակարան վարձի, ցուցանակ կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․․․ Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որ արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն ու այդ տրամաբանությունն անցնում են, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։