ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Երևանում կգերիշխի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Այս մասին նա ասել է aif.ru-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին։
«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ ի դեպ, ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է տալիս Հայաստանի համախառն բյուջեում»,– նշել է Պեսկովը՝ հավելելով, որ մարդիկ մեծ գումարներ են ուղարկում Հայաստան․ խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ կովկասյան տարածաշրջանն այժմ իր վրա է գրավում տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը, ինչն ազդում է Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանի պետությունների հարաբերությունների վրա:
«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել»,– ասել է նա։