Search
Close this search box.

«Նաիրիտ-2»-ի օտարման պահը. ինչ արժե այն

ՀՀ կառավարությունը 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքը նախատեսվում է օտարել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, գույքային համալիրն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 626,9 մլն դրամ շուկայական գնով:
«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար:
Մասնավորապես, նախատեսվում է նշված տարածքում հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն, ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:
Գնորդը երաշխավորում է բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին:
Գնորդը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:

Please enter a valid URL