Search
Close this search box.

ԱԺ շենքի գրավում, սպանություններ, համազգային աղոթք. ՀՀ նախագահական ընտրությունների հետագիծը

Վաղը խորհրդարանում կմեկնարկի հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունների գործընթացը. քվեարկությունը տեղի կունենա վաղը: Սրանք Հայաստանի պատմության յոթերորդ նախագահական ընտրություններն են, առաջինը` խորհրդարանական համակարգում և ԱԺ կողմից: Մինչ նախագահական ընտրությունների պատմությանն անդրադառնալը` նկատենք, որ երկրի բոլոր երեք նախագահները մասնակցել են երկու ընտրությունների, սակայն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանադրական երկրորդ ժամկետում կառավարել է ընդամենը մեկ տարի հինգ ամիս` 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացնելով «հայտնի ուժերի» պահանջով: Հայաստանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվել են ընդամենը մեկ անգամ` 1998-ի մարտին:

Վեց նախագահական ընտրություններից միայն երկուսն են անցկացվել երկու փուլով` 1998-ին և 2003թթ-ին: Բացառությամբ 1991-ի և 1998-ի նախագահական ընտրությունների` մնացած դեպքերում եղել են հետընտրական զարգացումներ: Հայաստանի նախագահական առաջին ընտրություններն անցկացվել են 1991-ի հոկտեմբերի 16-ին: Թեև դրանց մասնակցում էր վեց թեկնածու` Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակցությունից դուրս էր: Դեռ շատ ուժեղ էր 88-ի շարժման քաղաքական ազդեցությունը և նրա թեկնածուն, ըստ էության, չէր կարող ունենալ լուրջ այլընտրանք: Տեր–Պետրոսյանը նախագահ դարձավ մեկ փուլով՝ ստանալով 1.518.090 ընտրողների ձայների 83%-ը: 1996-ին քաղաքական դաշտի հիմնական դերակատարները դարձյալ 88-ի շարժման գործիչներն էին, սակայն երբեմնի ընկերներն ու համախոհներն արդեն հակամարտ բևեռներում էին:

1996-ի նախագահական ընտրություններին մասնակցում էր չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարը ծավալվեց «Ղարաբաղ» կոմիտեի երկու անդամների` գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի միջև, որի շուրջ համախմբվել էին ընդդիմության առանցքային ուժերը: ԿԸՀ-ն հայտարարեց Տեր-Պետրոսյանի հաղթանակի մասին` նրա ակտիվում գրանցելով 51․75 %, Վազգեն Մանուկյանի օգտին` 41․29% ձայն: Մանուկյանի կողմնակիցները չընդունեցին ընտրությունների պաշտոնական արդյունքները: Հուզումներն ի վերջո հանգեցրեցին խորհրդարանի շենքի գրավմանը` սեպտեմբերի 25-ին, և մեկ տասնյակից ավելի ընդդիմադիրների ձերբակալությանը:

Աղմկոտ և վիճահարույց ընտրությունները հանգեցրեցին իշխանության ճգնաժամի, որը 1998-ի փետրվարի 3-ին հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին: 1998-ի մարտի 16-ի նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցում էր 12 թեկնածու, սակայն փոխվել էին իշխանության և ընդդիմության հիմնական դերակատարները` գործող վարչապետ, նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին ձեռնոց էր նետել քաղաքականություն վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: 1998–ին առաջին անգամ ընտրություններն անցան երկու փուլով։

Առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը ստացավ 1.449. 004 ընտրողների 38․76% ձայնը, Կարեն Դեմիրճյանը՝ 30․67%, երկրորդ փուլում նախագահ դարձավ Քոչարյանը: Չնայած բոլորը խոսում էին ընտրություններում տեղ գտած տոտալ կեղծիքների մասին` Կարեն Դեմիրճյանը գերադասեց հետընտրական գործընթաց չնախաձեռնել և կենտրոնացավ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վրա: 2003-ի նախագահական ընտրությունները դարձյալ տեղի ունեցան երկու փուլով: Չնայած ընտրությունների առաջին փուլին մասնակցում էր ութ թեկնածու, սակայն հիմնական պայքարը ծավալվեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջև:

Առաջին փուլում ընտրություններին մասնակցած 1.462.383 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել էր 399.757, Ռոբերտ Քոչարյանի օգտին` 700․808 քվե։ Երկրորդ փուլ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Պաշտոնապես նախագահ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանը` 67․44% քվեներով, սակայն հասարակության մեծ մասը չընդունեց ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Հուզումները ճնշվեցին մեկ տարի անց` 2004-ի ապրիլի 12-ին` ընդդիմադիր երեք գրասենյակների գրավումով և ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններով:

2008 թվականի փետրվարի 19–ին՝ հինգերորդ ընտրություններում, նախագահի աթոռի համար պայքարում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, տասնամյա դադարից հետո ակտիվ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Պաշտոնապես նախագահ հռչակվեց Սերժ Սարգսյանը: Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ քվեարկությանը մասնակցեց 1 671 027 մարդ։ Սերժ Սարգսյանը ստացավ 52.82% քվե, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 21.51% ձայն, Արթուր Բաղդասարյանը` 16.69%, Վահան Հովհաննիսյանը՝ 6.18%: Ընտրություններին հաջորդեցին համաժողովրդական հուզումները, որոնք ավարտվեցին Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններով` պատճառ դառնալով տաս մարդու մահվան:

2013-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկում ներառված էր յոթ թեկնածուի անուն: Հիմնական պայքարը ծավալվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58.64%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 36․75%-ը: Եղան բավականին բուռն հետընտրական հուզումներ, որոնք, սակայն, միստիկ ավարտ ունեցան` Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցած «համազգային աղոթքով»` Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Հայաստանի նախագահի յոթերորդ ընտրություններն առաջինն են, որ տեղի են ունենում խորհրդարանի կողմից և առանց այլընտրանքի. միակ թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է:
1in.am

Please enter a valid URL