Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը հայտնել է` երբ կտաքանա եղանակը

Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներով առատ եղանակը կպահպանվի։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

«Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավական ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, որոնց ընթացքում կլինի քամու ուժգնացում։ Մարտի 24-ի ցերեկը ցիկլոնի ազդեցությունը կթուլանա և տեղումները կդադարեն, սակայն մարտի 25-ին սպասվում է հերթական ցիկլոնը։ Այն իր ազդեցության գոտում կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը, սակայն տեղումների պիկը կգրանցվի Վայոց ձորի, Սյունիքի հատվածում: Մարտի 25-ին հանրապետության մի շարք շրջաններում կդիտվեն տեղումներ: Տեղումները ժամանակավորապես կդադարեն մարտի 26-ի գիշերը և 26-ի` մինչև կեսօր: Մարտի 26-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում`ինտենսիվ: Մարտի 27-ի կեսօրից հետո աստիճանաբար այդ ցիկլոնը դուրս կգա մեր Հանրապետության տարածքից»,-նշեց Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով`եղանակի որոշակի կայունացում այս պահի դրությամբ կանխատեսվում է մարտի 28-ից-31-ն ընկած ժամանակահատվածում, երբ Հանրապետության մեծ մասում կգերակշռի առանց տեղումների եղանակ, կլինի ջերմաստիճանի նկատելի բարձարացում:

Գագիկ Սուրենյանը նաև հայտնել է, որ Հայաստանում ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, իսկ ահա տեղումների առումով պակաս չի զգացվելու։ Տեղումների քանակը նորմայից ավելին է լինելու։

«Ասեմ, որ սովորաբար հանրապետությունում ապրիլին տեղումների նորման բավական մեծ է։ Հիմա, եթե մենք ասում ենք նորմայից շատ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակում կհասնի +18․․․+21-ի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +18․․․+20 աստիճանի, Կոտայքի նախալեռներում՝ +22․․․+26-ի, Գեղարքունիքում՝ +18․․․+21-ի, Լոռիում՝ +18․․․+23-ի, Տավուշում՝ +21․․․+26-ի, Արագածոտնի լեռնային գոտիներում +18․․․+20-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում մինչև +25-ի, Արարատյան դաշտում՝ մինչև +26-ի, Վայոց ձորի լեռներում՝ +18․․․+21-ի, նախալեռնային գոտիներում՝ +24․․․+26-ի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +28․․․+30-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում՝ +20․․․+25 և Երևանում՝ մինչև +26 աստիճան։

Ապրիլ ամսին սպասվում է, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ։ Այդ դեպքում գիշերային ժամերին նվազագույն օդի ջերմաստիճանը Շիրակում կանխատեսվում է -7․․․-10, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -5․․․ -8 աստիճան, Կոտայքի նախալեռներում՝ 0․․․-2, Գեղարքունիքում՝-6․․․-9, Լոռիում՝ -2․․․-7, Տավուշում՝ -2․․․+2, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -5․․․-8, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 0․․․+2, Սյունիքի հովտային գոտիներում +2․․․+5, նախալեռնային հատվածներում՝ 0․․․-5 և Երևանում մինչև 0․․․+2 աստիճան։

Please enter a valid URL