Search
Close this search box.

Հայաստանի գյուղերի 99 տոկոսում շքեղ հյուրանոցներ չկան` պետք է հանձնե՞ք

Հրապարակը գրում է
ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ ծագած վեճը սկիզբ առավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանից, ով ասել էր․ «Ես լսել էի, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են եւ մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ եւ հյուրատներ, այդ տարածքները հարցականների տակ են։ Ես կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են, այդտեղ կան 8-րդ դարի բերդեր, շիրմաքարեր, ամեն քար ու թուփ հիշեցնում է հայկականություն, այդ ամենը հարցականի տակ դնել ԱԺ ամբիոնից… լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում։ Այդ դեպքում թշնամին հայտնվելու է այդ տների մոտ, ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ… Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս եք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, Արցախի օ՞րն ընկնենք, հետո կասեն՝ մենք ինքնիշխան տարածքից զիջում չենք արել»։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանին հանձնե՞լ են 31 բնակավայրերը։ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե Շուշին դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը եւ նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք, ընդեղ կառուցեիք, Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում կառուցեիք… Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես այսօրվա վարչապետն եմ։ Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատանքը տեղափոխել պատմական Հայաստան»։ Զրուցել ենք պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ: 

— ԱԺ-ում Վահե Ղալումյանն ասում էր, որ 4 անգամ փոխվել է ավտոճանապարհը, այս անգամ էլ կփոխեն` ի՞նչ է եղել որ: Ինչի՞ մասին էր վարչապետը խոսում:

— Տավուշի մարզում եղած մարդը շատ լավ գիտի, որ 2000-ականներից սկսած՝ տարբեր ճանապարհներ կառուցվեցին` շրջանցիկ ճանապարհ, որպեսզի ճանապարհն ուղիղ նշանառության տակ չլինի, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ, որպեսզի էսկալացիայի դեպքում դրանք օգտագործվեն` թշնամու թիրախում չհայտնվելու համար: Դա շատ նորմալ, բնականոն պրոցես է, եւ շատ տարօրինակ կլիներ, եթե այդ ճանապարհները չկառուցվեին: Այդ ամենը միայն Նիկոլ Փաշինյանի մոտ կարող էր հարցեր առաջացնել: Ո՞ր ռացիոնալ դատող մարդու մոտ ճանապարհների կառուցումը կարող է հարցեր առաջացնել: Խնդիր կլիներ, եթե դրանք չկառուցվեին: Դե, եթե մի մարդ հայտարարում է, որ եթե գյուղում շքեղ հյուրանոցներ չկան, ուրեմն այդ գյուղը դժբախտ եւ դժգույն գյուղ է, էլ ի՞նչ սպասես այդ մարդուց: Ես խիստ մտահոգված եմ մեր բոլոր գյուղերի համար, որովհետեւ Հայաստանի գյուղերի 99 տոկոսի դեպքում շքեղ հյուրանոցներ չկան, ուստի լոգիկան տանում է նրան, որ Հայաստանի բոլոր գյուղերը պետք է հանձնել:

— Դուք նաեւ ասացիք, որ եթե հանձնվեն Տավուշի գյուղերը, Լոռու մարզը կդառնա սահմանամերձ, իշխանությունները զարմացան այդ հայտարարությունից:

— Այս մարդիկ քարտեզ չգիտեն, ոչինչ չեն հասկանում, նաեւ մոլորության մեջ են գցում մարդկանց: Եթե Լոռու անտառներից է սկսվում սահմանը, ի՞նչ է դառնում Լոռվա մարզը, եթե ոչ սահմանամերձ` Լորուտ, Թեղուտ գյուղերը սկսվում են հենց այդտեղից: Այդ գյուղերը հետագայում հենասյուներ են դառնալու ադրբեջանական դիվերսիոն խմբերի համար, որպեսզի հարձակում գործեն: Այնտեղ կան նաեւ այլ կարեւոր տարածքներ, որոնք կանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, գազամուղը նույնպես նրանց վերահսկողության տակ կանցնի:

— Բայց Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում էր, որ նման բան չկա:

— Դե, Ռուբեն Ռուբինյանը նաեւ վստահեցնում է, որ իր կողքին նստած Հակոբ Արշակյանը ճիշտ ձեւով է դիմել Սեյրան Օհանյանին: Ինչպե՞ս հավատալ նման մարդու ասածներին: Ակնհայտ ստեր են խոսում: Ես այս պահին Տավուշում եմ եւ բոլոր ՔՊ-ականներին հրավիրում եմ իմ կազմակերպած տուրերին, թող գան, տեսնեն, թե որտեղից է սկսվում իրենց հայրենիքը: Նրանք ամեն կերպ փորձում են համոզել, որ դրանք պատմական ադրբեջանական տարածքներ են: Աբսուրդ է, երբ Հայաստանում մենք հայկականությունը պահելու համար պայքարում ենք: Այնքան ցցուն օրինակներ կան, որ դրանք հայկական տարածքներ են` բերդեր, ամրոցներ, վանքեր, գերեզմանաքարեր եւ այլն: Անգամ ամաչում եմ այդ մասին խոսելուց:

— Իսկ ի՞նչ խաղաղություն կարող է լինել, եթե Փաշինյանը նոր պատերազմի մասին է գուժում: Որտե՞ղ մնաց այդքան բաղձալի խաղաղության օրակարգը:

— Փառուխը տանք, որ չհարձակվեն, Աղավնոն տանք, որ չհարձակվեն, Քարվաճառը, Քաշաթաղը տվեք, որ չհարձակվեն, Գորիս-Կապան ճանապարհը տվեք, որ չհարձակվեն, 300 քառակուսի կիլոմետրի մասին խոսելն էլ ավելորդ է, 31 բնակավայրերը նույնպես չուզենք, որ չհարձակվեն…. Հայաստանի կեսը նվիրել ենք թուրքին` հուսալով, որ չեն հարձակվի, բայց նորից հարձակվում են:

Please enter a valid URL