ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման 2 վարողներին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Միջնորդությունը բավարարվել է։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է»: