ԵԼՔ դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դաշինքում միշտ էլ եղել են հակասություններ ու կան, եւ իրենք քննարկել են դրանք եւ միշտ կայացրել կոնսենսուսային որոշում:
Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ կան տարաձայնություններ Սերժ Սարգսյանի վարչապետությունն արգելակելու համար պայքարի ձեւի վերաբերյալ: Նա ասել է, որ իր կարծիքով կա Ազատության հրապարակ գնալու կարիք:
Նիկոլ Փաշինյանը փաստացի վերջնագիր է ներկայացնում ԵԼՔ-ին, նվազագույնն առաջացնելով հարց՝ նա ի՞նչ կանի, եթե դաշինքում չանցնի Ազատության հրապարակ գնալու իր տարբերակը:
Մի քանի շաբաթ առաջ դաշինքի առաջնորդներից մյուսը՝ Էդմոն Մարուքյանը արտահայտել էր միտք, որի իմաստն այն էր, որ Սարգսյանի վարչապետությունը կանգնեցնող «գնացքը գնացել» է 2017 թվականի ապրիլի 2-ին, եւ չկա հրապարակային գործողություններով դրան հասնելու հեռանկար:
Ինչ է մտածում ԵԼՔ-ի երրորդ առաջնորդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, թերեւս միարժեք պարզ չէ՝ դուրս գալ եւ գնա՞լ հրապարակ, թե՞ ոչ:
Մամուլում տեղեկություն եղավ, որ քննարկումները ձեռնամարտի են վերածվել, եւ Սասուն Միքայելյանը փորձել է անգամ հարվածել Նիկոլ Փաշինյանին: ԵԼՔ-ը հերքեց դա: Հետաքրքիր է, որ Միքայելյանը ԵԼՔ-ից թերեւս եղել է միակը, որը հայտարարել է, որ ավելի լավ է վարչապետը լինի Սերժ Սարգսյանը եւ անմիջական իրացնի իշխանության պատասխանատվությունը:
Ընդ որում, Միքայելյանի մի քանի ամիս առաջ արած հայտարարության տրամաբանությունը պարզ է՝ եթե Սարգսյանն այսպես թե այնպես լինելու է դե ֆակտո որոշողը, ապա ավելի լավ է, որ նա կրի դե յուրե պատասխանատվություն իր որոշումների համար: Իհարկե, այդ տեսանկյունից կա նաեւ որոշակի սուբյեկտիվիզմ, կախված ընդհանրապես իշխող համակարգում որոշումների կայացման գործընթացի այսպես ասած գործոնային բաղադրության հետ: Բայց դա այլ հարց է:
Փաշինյանը փաստացի բացում է ԵԼՔ-ի «Պանդորայի արկղը», հաստատելով, որ կան հակասություններ ու եղել են միշտ: Չի բացառվում, որ նա ակնարկում է, որ մշտապես ինքն է գնացել փոխզիջումների եւ այժմ մյուսների հերթն է՝ իր հետ հրապարակ գնալու:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի փոխզիջումների «գինը» գուցե եղել է ԵԼՔ-ի հետ խորհրդարանում հայտնվելը, ինչն առանց ԵԼՔ-ի հազիվ թե հնարավոր լիներ՝ հայաստանյան իրողությունների պայմաններում:
Ո՞րն է լինելու օրինակ Էդմոն Մարուքյանի փոխզիջման «գինը», եթե նա որոշի Նիկոլ Փաշինյանի հետեւից գնալ հրապարակ: Առավել եւս ակնհայտ է, որ հրապարակում Նիկոլը լինելու է ինչպես «սեփական տանը», իսկ Էդմոն Մարուքյանը՝ հյուր: Ինչպես ասում են՝ «տանը պատերն էլ օգնում են»:
Մյուս կողմից, կարող է լինել նաեւ հարց, թե իսկ որն է հրապարակ չգնալու գինը, այսինքն այս անգամ էլ գնալով փոխզիջման, Նիկոլը ինչ է ստանալու կամ շահելու: Իսկ սեղանին թերեւս ամենեւին էլ Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրը չէ, այլ 2022 թվականի խորհրդարանի մանդատը:
ԵԼՔ-ն այդ առումով ակնհայտորեն զրկվել է հեռանկարից: Ի՞նչ հեռանկար ունեն ԵԼՔ-ի բաղադրիչներն առանձին-առանձին:
lragir.am