Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ ԱԺ իրարանցումից ու լարված վիճակից

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը թեժացան։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երբ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես հստակ…»։ Դրանից հետո «Հայաստան» խմբակցությունից սկսեցին բղավել, ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավորները գոռացին։ Միառժամանակ ԱԺ դահլիճում միմյանց վրա բղավում էին։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, իր հարցը տալիս ասել էր, թե խոսքն ուղղում է «կառավարության գլխին»։ Ինչին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատել էր, որ Քոչարյանը հայերենին տիրապետում է և պետք է իմանա, որ կառավարության ղեկավարը վարչապետն է։

Վիճաբանության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ընդդիմությունը կամ կոնկրետ անձը «գլուխ» բառի՞ց վատ զգաց, թե՞ «տղա» բառից։ Եթե գլխի տղան չէ, թող հայտարարի, որ գլխի տղան չէ․ ինչո՞ւմն է պրոբլեմը»։
«Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահիր պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ ա լինելու»։ Լևոն Քոչարյանը տեղից արձագանքում էր բղավելով։

Վարչապետի պատասխանից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյան, ես ձեզ հիմա նախազգուշացում եմ հայտարարում, մյուս անգամ, եթե ձեր նմանատիպ վարքը կրկնվի՝ կհեռացնեմ դահլիճից։ Սա լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում չեմ հեռացնի դահլիճից, և այլկերպ կլուծենք այս խնդիրը»։

Please enter a valid URL