Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը, որի համաձայն երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։
Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է դեղորայքի ամբողջական ցանկը:
Ահա այն ամենապահանջված և հաճախ վաճառվող դեղերը, որոնք այսուհետ հնարավոր չի լինի գնել առանց դեղատոմսի։
Հակավարակային դեղեր
Էրիթրոմիցին (հաբեր)
Էրիթրոմիցինը մանրէաստատիկ հակաբիոտիկ է, այն ցուցված է դիֆտերիայի, կապույտ հազի, տրախոմայի, բորցելոզի, քութեշի, գոնորեայի և այլ հիվանդությունների դեպքում։
Ամոքսիցիլին (դեղապատիճներ)
Ամոքսիցիլինը լայն սպեկտորի կիսասինթետիկ պենիցիլինների շարքին դասվող հակաբիոտիկ է։ Ունի մանրէասպան ազդեցություն։
Ֆլուկոնազոլ (հաբեր)
Ֆլուկոնազոլը դասվում է այսպես կոչված «հակասնկային դեղորայքի» շարքին։ Այն կիրառվում է սնկերից առաջացած ինֆեկցիաների բուժման ժամանակ, ինչպես նաև կարող է կիրառվել կանդիդոզային ինֆեկցիաների կանխարգելման ժամանակ։
Ֆուրադոնին (հաբեր)
Ֆուրադոնինը ցուցված է միզուղիների ոչ բարդ ինֆեկցիաների դեպքում (սուր ցիստիտ, բակտերիուրիա, ուրետրիտ և այլն) և ուռոլոգիական վիրահատությունների ու հետազոտությունների դեպքում հիվանդությունների կանխարգելման ժամանակ։
Դիֆլուկան (դեղապատիճներ)
Դիֆլուկանը հակասնկային դեղամիջոց է։
Բիսեպտոլ (հաբեր)
Բիսեպտոլը կոմբինացված հակաբակտերիալ դեղամիջոց է` մանրէասպան ազդեցությամբ։ Այն ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։
Տետրացիկլին (հաբեր)
Տետրացիկլինը ցուցված է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում` թոքաբորբ, բրոնխիտ, անգինա, խոլեցիստիտ, պիելոնեֆրիտ, աղիքային ինֆեկցիաներ, էնդոկարդիտ, էնդոմետրիտ, պրոստատիտ, սիֆիլիս, գոնորեա , բրուցելոզ, փափուկ հյուսվածքների թարախային ինֆեկցիաներ և այլն։
Ամպիցիլին (ներարկման համար նախատեսված փոշի)
Ամպիցիլինը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Կիրառվում է ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների դեպքում։
Ֆլյուկոստատ (դեղապատիճներ)
Ֆլյուկոստատը հակասնկային դեղորայք է։
Աուգմենտին (հաբեր)
Աուգմենտինը կոմբինացված հակաբիոտիկ է, որը պարունակում է ամոքսիցիլին և կլավուլանային թթու։
Ազիմակ (դեղապատիճներ)
Ազիմակը լայն սպեկտորի հակաբիոտիկ է։ Ցուցված է անգինայի, սինուսիտի, օտիտի, բակտերիալ բրոնխիտի դեպքում։
Հոգեմետ նյութեր պարունակող դեղեր
Պենտալգին
Պենտալգինի բաղադրության մեջ առկա է պարացետամոլ և պրոպիֆենազոն, պենտալգինն ունի ցավազրկող և ջերմիջոցնող ազդեցություն։ Պենտալգինում առկա է նաև կոֆեին, որը հոգեխթանիչ է։ Պենտալգինում առկա կոդեինն ունի ցավազրկող ազդեցություն։
Սոլպադեին (լուծվող հաբեր)
Սոլպադեինը կոմբինացված դեղորայք է, որն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակահազային ազդեցություն։
Վալիում (հաբեր)
Վալիումը տրանկվիլիզատոր է, ունի հանգստացնող, հակաջղաձգային և քնաբեր ազդեցություն։
Կաֆետին
Պրոպիֆենազոն և պարացետամոլ պարունակող կաֆետինն ունի ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն։
Հորմոնալ դեղամիջոցներ
Դեքսամեթազոն (լուծույթ)
Դեքսամեթազոնն ունի հակաբորբոքային, հակաալերգիկ, իմունոդեպրեսիվ ազդեցություն։
Յոդոմարին 200 (հաբեր)
Յոդոմարին 200–ը լրացնում է յոդի դեֆիցիտն օրգանիզմում` խոչընդոտելով յոդի դեֆիցիտից առաջացող հիվանդությունների զարգացումն ու նպաստելով վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը։
Լ–Թիրօքսին (հաբեր)
Լ–Թիրօքսինի բաղադրության մեջ մտնող լևոթիրօքսինն իր ազդեցությամբ նման է մարդու էնդոգեն թիրեոիդ հորմոնին։
Օքսիտոցին (հաբեր)
Օքսիտոցին հորմոնը նպաստում է ծննդաբերության ընթացքում արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը։ Արհեստականորեն սինթեզված օքսիտոցինը, որը ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներմկանային եղանակով, կիրառվում է ծննդաբերությունը դրդելու կամ խթանելու նպատակով, ուժգնացնելով կծկանքը։