Search
Close this search box.

ՀՀ-ում շուրջ 2 տասնյակ մեքենա արգելափակվել է ձյան շերտում և ցեխակույտում

Այսօր ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն շուրջ երկու տասնյակ ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան շերտում և ցեխակույտում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսանը։

Նրա խոսքով` մեքենաներ են արգելափակվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Քանաքեռավան, Լեռնանիստ, Զովունի, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Դդմաշեն գյուղերում, Ապարան-Երևան ավտոճանապարհի 2 կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանի ոլորաններում։

«Ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 20 տրանսպորտային միջոց և շուրջ 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,– լրատվամիջոցի հետ զրույցում նշել է նա:

Եղանակային պայմաններից ելնելով`արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում նաև ոստիկանությունը. պարեկները մայրաքաղաքի խաչմերուկներում կարգավորում են երթևեկությունը, իսկ մարզերում փրկարարների հետ օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին։ Աշխատանքները շարունակվում են։

Please enter a valid URL