Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը։
Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «ՀՀ-ից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։ ՀՀ 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»։
Անդրադառնալով այն հարցին, որ Վերին Ոսկեպարը կարող է շրջափակման մեջ հայտնվել, պատգամավորն ասաց․ «Վերին Ոսկեպարը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի ձախ հատվածում, աջ հատվածը ադրբեջանական տարածք է, ձախ հատվածում կա անկլավային հասկացողություն, այդտեղ կա խնդիր, բայց շրջափակման մեջ չի լինելու։ Միջպետական ճանապարհները որոշ տեղերում այս պահին անցնում են Ադրբեջանի տարածքով , հետո մնում ՀՀ տարածք։ Կա խնդիր ճանապարհ փոփոխության, որը պետության համար բացարձակապես խնդիր չէ, այդ ճանապարհները կկառուցվեն ու կլինեն մեր տիրապետության տակ»։
Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ղալումյանն ասաց․ «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա, եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։