Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Փաշինյանը հայտարարել է, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
«…Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի։
«Եթե մենք ինչ-որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար ինքն էլ է (նկատի ունի Ադրբեջանը) 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»,- նշել է նա՝ ավելացնելով, թե այս ամենը չի նշանակում, թե Տավուշում այլևս ճանապարհներ չեն կառուցվելու, գյուղերն ամեն ինչով չեն ապահովվելու։