Առաջիկայում հայկական կողմը կներկայացնի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ լուծումների իր առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեության վերաբերյալ։ Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը։ Այդ ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները»,–ասաց նա։
Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ առաջարկվող լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է` ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի նկատմաբ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։
«Ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է դրված»,– հավելեց նախարարը։
ԲՏԱ նախարարը տեղեկացրեց նաև, որ լուծումները ենթադրում են նաև նախկինում արված փորձերի արդյունքները, քանի որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատել։
Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց.
«Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մանրամասները հայտնելուց զերծ կմնամ»,– ասաց նախարարը։
Նա նաև հավելեց, որ խորհրդատվության օրն արդեն հայտնի է, բայց այն այս պահին չի հնչեցնի։