Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությանը Գագիկ Հարությունյանի օգտին «Ելք» խմբակցության «կողմ» քվեարկությունը կեղծվել է եւ պետք է իրավապահները հետաքննություն սկսեն:
Նշենք, որ քվեարկության արդյունքների համաձայն՝ Գագիկ Հարությունյանին 2 դեմ է եղել, մինչդեռ «Ելք» խմբակցությունը որոշել էր դեմ քվեարկել Գեւորգ Դանիելյանին եւ Գագիկ Հարությունյանին, իսկ բարձրագույն դատական խորհրդի մյուս թեկնամուների օգտին քվեարկությունն ազատ էր:
«Պետք էր ելնել այն կանխավարկածից, որ ժուլիկներ էստեղ կան, բայց Ազգային ժողովում մեկ-մեկ զգոնությունդ կորցնում ես»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հաշվիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը, թերեւս երկու «դեմ» քվեաթերթիկը տեսնելով, շոկի մեջ է հայտնվել: Նշենք, որ Լենա Նազարյանը ստորագրել է այդ արդյունքների տակ: «Լենա Նազարյանը ստորագրել է, որից հետո եկել ու խմբակցությանը տեղյակ պահել, որ այսպիսի իրավիճակ է»,- նշեց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ այս «ժուլիկությունը» իշխանությունը կազմակերպել էր «Ելք» խմբակցությունում խնդիրներ ստեղծելու նպատակով, որ միմյանց սկսեն կասկածել. «Թող մեկը բացատրի՝ ինչու պիտի կողմ քվեարկեինք Գագիկ Հարությունյանին, կասկածի տա՞կ էր նրա ընտրվելը, իհարկե ոչ»:
«Ելք» խմբակցության ղեկավարը կրկին նշեց, որ պահանջելու են՝ իրավապահները հետաքննություն սկսեն: Առայժմ ուսումնասիրում են ընթացակարգերը: