ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Մասնավորապես, նա անդրադարձել է Տավուշի մարզից 4 գյուղեր հանձնելու մասին հարցին․
«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ այլ մարզի, որևէ այլ գյուղի որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, եթե որևէ մեկը կգերազանցի սա, պետք է բխեն իրավական գործողություններ։ Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չե՛նք բանակցում»,- վստահեցրեց Միրզոյանը։
Նախարարը նաև պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի՝ մեկ այլ թեմայի վերաբերյալ դիտարկմանը ևս․ «Ասում եք՝ մենք ասել ենք՝ Ալիևին դատելուն պակասում է Հռոմի ստատուտը․ ես չեմ հիշում ո՛չ ինձ, ո՛չ որևէ այլ պաշտոնյայի այս նախադասությունը արտաբերելիս։ Ես երբևէ ասե՞լ եմ, որ Հռոմի ստատուտը ընդունում ենք Ալիևին դատելու համար։ Մենք վավերացրել ենք՝ հավատալով, որ դա կավելացնի մեր անվտանգության աստիճանը, հիմնավորումը սա է եղել»,- պնդեց նա։